ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր կուրսը

Մեր կուրսը
31.08.2024 | 12:09

(սկիզբը` այստեղ)

Իսկ հիմա` հերթով, ըստ կարգի։

Մեր կուրսն աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ։

Լավ սովորողները մեծաթիվ էին։

Մկրտչյան Անահիտը (Անչ էի ասում իրեն) «ոսկե մեդալ»-ով ավարտել էր Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը։ Գերազանցությամբ ավարտեց նաև համալսարանը։ Վերջին անգամ Անահիտին տեսել եմ, երբ թեկնածուական թեզիս համար Արցախի վերաբերյալ չճարվող գրականություն էր անհրաժեշտ։ Սիրով օգնեց։ Մինչ այդ էլ` գնացել էի նշանադրության առիթով շնորհավորելու։ Բացառիկ տեսակ էր` խելացի, զուսպ, համեստ։ Կրկին հիշատակեմ. երևելի, բարեկիրթ մարդկանց ընտանիքից էր։ Մտերիմ էինք, հաճախ եմ իրեն սիրով հիշում։

Թեև, անկեղծ ասեմ, բոլորի հետ էլ մտերիմ էի։

Երկրորդ կուրսում ոմանք տեղափոխվեցին այլ ֆակուլտետներ, ոմանք` եկան երեկոյանից։

...Համալսարանական տարիներին, չգիտեմ էլ ինչու, ընկերություն էի անում լավ սովորողների հետ։

Շատ սիրում էի Ազատուհուն, Աստղիկին, Բախչոյին, Ռիտային... բազում էին։

Կուրսում Գյումրվա բարբառն էր հնչում` քա՜ղցր, անու՜շ, Արցախի գունագեղ խոսքը։ Այդպես էլ տարբերություն չդրեցինք, չնկատվեց` ո՞վ` որտեղի՞ց է։

Դեռ համալսարանական առաջին օրերից նկատելի էր` ո՞վ է լավ բանասեր, լավ մասնագետ դառնալու կամ ճանաչվելու որպես լավ լրագրող։

Կարճատև սովորեցինք Մելիքսեթյան Փիրուզայի, Ազարյան Կարինեի, Բադալյան Երազիկի հետ։ Նրանք երաշխավորվեցին ուսումը շարունակելու մեծ աշխարհում` Մոսկվայում և Սանկտ֊ Պետերբուրգում։

Հետո Կարինեն ճակատագրի կամոք մեկնեց օվկիանոսից այնկողմ, Միացյալ նահանգներ` Դանիելյան Կարինեի, Նիկոլյան (Ջերահյան) Կարինեի, Շարուրյան Լենայի, օտար ափերում հանգրվանած մյուսների պես հայրենիքը հեռվից սիրելու, կարոտելու և հեռվից մեզ հիշելու։

Այդպես մեր մեծ կուրսից հեռուներում ապրող հայի մի պատառիկ էլ մենք ունեցանք։

Այսօր անվանի, ճանաչված լրագրողներ ունենք. Մելիքսեթյան Փիրուզան («Իրատես»-ի խմբագիր), Բաբաջանյան Կարինեն, Նահապետյան Անահիտը, Բեգլարյան Նելլին, Դանիելյան Կարինեն, Խաչատրյան Սվետլանան։

Անահիտը, Նելլին, Սվետլանան անդավաճան մնացին իրենց եզերքին։

Ճանաչված մանկավարժներ էլ ունենք. Կարապետյան Ջուլիետան, Հակոբյան Բախչոն, Ճաղարյան Անահիտը, Եփրեմյան Մարինեն, Լոռեցյան Անահիտը, Հովհաննիսյան Ռիտան, որ իրենց հարազատ օրրանում կրթության սերմնացանի անուն ու վաստակ ունեն։

Գիտության ակունքներում իրենց գտան գրականագետներ Հովհաննիսյան Սուսաննան ու Գասպարյան Գուրգենը, պատմաբան Թաջիրյան Էլիզաբեթը, լեզվաբսն Սուքիասյան Քնարիկը։ Հասարակական-քաղաքական գործիչ, արժանի հոր արժանավոր որդի Սարգսյան Դավիթն իր կամքից անկախ (իմ կամոք) քանիցս հայտնվեց հուշապատումիս մեջ։

Եվ դա պատահական չէր։ Մայրը` Լենա Դավթյանը, իմ հայրենակցուհին է, կինը` մեր համակուրսեցի, գեղեցկուհի Վալենտինան` Վալյա-Վալь-ը, մտերիմ ընկերուհիս` էլի արմատներով լոռեցի (Վալյայի մայրն ու հայրս դասընկերներ էին)։ Նրանք դարձան այն սիրուն ընտանեկան զույգը, որ շուրջ կես դար անց Դավիթը հպարտորեն ասի. «Ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ»։

Մեր կուրսում ձայնային բնատուր ընդունակություններով աչքի էին ընկնում Կարապետյան Հայկը, Թաջիրյան Էլիզաբեթը, իմ բազմաշնորհ Ազատուհին, իմ խուճուճը , իմ «բողոճը», որի ձեռագրից ես իսկապես «վախենում» էի։

Սահակյան Ազատուհին, ում արդեն տասնամյակներ ճանաչում են Գիտությունների ազգային ակադեմիայի այն գիտնականները, որոնց լույս ընծայվող գրքերին` որպես գլխավոր խմբագիր, դաջված է Ազատուհու անուն-ազգանունը։

Սաֆարյան Աստղիկի բժիշկ եղբայրը` բուժծառայության «գնդապետ» Կոմիտասը, որ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պաշտոնյա էր, մի օր ասաց.

«Դուք ի՜նչ բանասեր, մի գրող կամ բանաստեղծ էլ չունեցաք...»։

Նեղվեցի։

Հիմա պատասխանեմ Կոմիտասին.

«Պարոն գնդապետ, բանաստեղծ կամ գրող ծնվում են։ Մենք բանաստեղծ կամ գրող չդարձանք, չունեցանք։ Սակայն լավ մարդիկ դարձանք, լավ լրագրող (Թամրազյան Զորիկը), լավ հրապարակախոս (Սարգսյան Դավիթը), լավ լրագրող (Մելիքսեթյան Փիրուզան, Նահապետյան Անահիտը, Բեգլարյան Նելլին), լավ խմբագիր (Սահակյան Ազատուհին), լավ մանկավարժ (Ճաղարյան Անահիտը, Հակոբյան Բախչոն, Կարապետյան Ջուլիետան, Եփրեմյան Մարինեն)։

Նրանցից շատերը հիմա տատիկ-պապիկներ են։ Հիմա համացանցով ենք շփվում իրար հետ, ավելի պարզորոշ է երևում` ով` ով է, նկատելի է` որքանով է նա իսկական համալսարանական։

ՈՒ դա միավորում է մեզ, ջերմությամբ լցնում մեր հոգիները։

Այս հուշապատումի մեջ չեմ կարող չառանձնացնել իմ հայրենակից համակուրսեցիներիս` Մայիլյան Դոնարային ու Իսրայելյան Անժելային։ Մեր` Թումանյանի տարածաշրջանում նրանք ճանաչված, հարգված լույսի մշակներ էին, ցավոք, արդեն երջանկահիշատակ։

...Մի քանի խոսք էլ իմ մասին. մի քիչ լրագրող եմ, մի քիչ` խմբագիր, մի քիչ` մանկավարժ, մի քիչ` դասախոս, մի քիչ` զինվորական (պահեստազորի «փոխգնդապետ»), մի քիչ` հուշագիր, մի քիչ էլ` գիտությունների թեկնածու (քաղաքագետ)։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.1

Ի՞նչ տվեց համալսարանը մեզ.

մեծերին, գիտության կաճառի վերջին մոհիկաններին ճանաչելու, նրանց մոտիկից լսելու եզակի հնարավորություն։

Գիրք կարդալ սովորեցրեց, սիրել սովորեցրեց, գեղեցիկը տեսնել, և ի վերջո, սովորեցրեց մարդ լինել։ Մի՞թե այս ամենը սովորելու համար չէինք ընդունվել Մայր բուհի Մայր ֆակուլտետ։

Հ.Գ.2

ՈՒմ չեմ հիշել կամ հիշատակել, ներող կլինեք։

Միշտ Ձեր` Պուճուր Լոռեցի

Դիտվել է՝ 4388

Մեկնաբանություններ